Իտալիա - Chilli Travel Club
Իտալիա

Իտալիան գտնվում է Եվրոպայի հարավում` Ապենինյան թերակղզում, Սիցիլիա, Սարդինիա ու մի քանի այլ կղզիների վրա: Նրա ափերը ողողում են Միջերկրական ծովի մաս կազմող Լիգուրիական, Տիրենյան, Հոնիական և Ադրիատիկ ծովերը: Մակերևույթը գերազանցապես լեռնային է: Հյուսիսում Ալպերն են, Ապենինյան թերակղզու երկայնքով ձգվում են Ապենինները: Կան գործող (Վեզուվ, Էտնա) և հանգած հրաբուխներ: Կլիման միջերկրածովյան մերձարևադարձային է: Ալպերը երկիրը պաշտպանում է հյուսիսային քամիներից: Այդ պատճառով էլ Իտալիայի մեծ մասում ձմեռը մեղմ է, իսկ ամռանն ուժեղ շոգեր չեն լինում: 
Իտալիան արտահանում է գինի, ցիտրուսներ ու բանջարեղեն, սննդհամի զանազան արտադրանքներ: Իտալիայի հնագույն քաղաքներն իրենց հրաշալի ճարտարապետական հուշարձաններով ու արվեստի գանձարաններով հայտնի են ողջ աշխարհին: Ամենախոշոր և հին քաղաքը մայրաքաղաք Հռոմն է: Ըստ ավանդության՝ Հռոմ անունը առաջացել է քաղաքի ավանդական հիմնադիր Հռոմուլոսի (Ռոմուլոս) անունից: Իսկ քաղաքի խորհրդանիշը մանուկներին կերակրող գայլն է, որովհետև, ավանդության համաձայն, Հռոմուլոսին ու նրա եղբայր Հռեմոսին կերակրել է գայլը՝ Տիբեր գետի ափամերձ մի բլրի ստորոտում գտնվող քարայրում:
Ապենինյան թերակղզու արևելյան մասում, Ադրիատիկ ծովի ափին, 118 կղզիների վրա է գտնվում նավահանգստային քաղաք Վենետիկը: Այստեղ փողոցներին փոխարինում են ջրանցքները: Վենետիկի Հանրապետության ծաղկուն շրջանում հարուստ վաճառականները քաղաքում կառուցել են շքեղ պալատներ (պալացցոներ), փառահեղ տաճարներ, կղզիները միմյանց հետ միացրել են նրբաճաշակ, գեղեցիկ կամուրջներով: Բայց «Ադրիատիկի մարգարիտ», «Նեպտունի մայրաքաղաք» Վենետիկն այսօր վտանգված է. այն դանդաղ ընկղմվում է ծովի մեջ, որի ալիքները երբեմն-երբեմն արդեն հասնում են քաղաքի կենտրոն:

Տվյալ հարցմանը համապատասխան ոչինչ չի գտնվել։
ԲՈԼՈՐԸ․․․
Հարցումը ուղարկված է։ Շնորհակալություն