Թաիլանդ - Chilli Travel Club
Թաիլանդ

Թաիլանդը գտնվում է Հարավարևելյան Ասիայում՝ Հնդկաչին թերակղզու կենտրոնում և Մալակկա թերակղզու հյուսիսային մասում՝ Մյանմայի, Լաոսի, Կամբոջայի, և հարավում՝ Մալայզիայի հարևանությամբ: Նրան են պատկանում նաև Հարավչինական ծովի մի քանի կղզիներ, որոնցից ամենախոշորներն են Սամույը, Պհանգանը, Չանգը՝ Սիամի ծոցում, և Սալանգը, Թորաթաոն, Պրաթոնգն ու Լանթան՝ Անդամանյան ծովում:
Երկիրն ընկած է արևադարձային մուսսոնային քամիների ազդեցության շրջանում: Այստեղ հորդառատ անձրևներին, որոնք տևում են 200 օր, հաջորդում է չորային շրջանը (նոյեմբերից փետրվար): Գետերը հիմնականում սնվում են անձրևներից, այդ պատճառով էլ նրանց մակարդակը խիստ փոփոխական է տարվա տարբեր եղանակներին:
Թաիլանդի պետական կրոնը բուդդայականությունն է, ավելի ճիշտ` նրա հարավային ճյուղը՝ թհերավադան: Կան նաև իսլամ դավանող ժողովուրդներ (մալայացիները): Գործում են կաթոլիկ ու բողոքական միսիոներներ: Թաիլանդում հաշվվում են ավելի քան 21 հզ. բուդդայական տաճարներ. առանձնահատուկ ճոխությամբ աչքի են ընկնում թագավորական տաճար-մենաստանները: Բուդդայի նստած կամ կանգնած դիրքով արձանների կարելի Է հանդիպել Թաիլանդի բոլոր անկյուններում: 
Կորալյան խութեր, բուդդիստական տաճարներ, էկզոտիկ բնություն, կոկորդիլոսների բուծարաններ, մերսում, շոփինգ և թեժ գիշերային կյանք: Թաիլանդում հանգիստը չափազանց բազմազան կարող է լինել, և ամեն տեսակի նախասիրությունների զբոսաշրջիկներ կարող են այստեղ հրաշալի ժամանակ անցկացնել:
Այստեղ կարելի է այցելել գերժամանակակից քաղաք Բանգկոկ կամ ակումբային խրախճանքների կենտրոն Պատտայա, ինչպես նաև Սամետ, Կո Չանգ և այլ էկզոտիկ կղզիներ:
Թաիլանդում կան մաքրամաքուր ծովափեր, հրաշալի հյուրանոցներ և զարգացած ենթակառուցվածքներ: Այստեղ կարելի է գերազանց հանգստանալ տարվա ցանկացած եղանակի: Վերջին տարիներին Թաիլանդը ձեռք է բերել նաև առողջարար հանգստավայրի կոչում, որը երկիրը լիովին վաստակել է իր չգերազանցված մերսման ու բնական նյութերով վերականգնող ու երիտասարդացնող բժշկության շնորհիվ:

Տվյալ հարցմանը համապատասխան ոչինչ չի գտնվել։
ԲՈԼՈՐԸ․․․
Հարցումը ուղարկված է։ Շնորհակալություն